Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» (HIGH FEST) 8-րդ Միջազգային թատերական փառատոնը: Այս անգամ ստացվել է շուրջ 100 մասնակցության հայտ, սակայն փառատոնին մասնակցելու է միայն 30 ներկայացում` 22 երկրից: Նման տեղեկություն հայտնեց լրագրողներին փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
««ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը կբացի իրանական Էմրուզ թատրոնը` իր «Ավաժիկ` արտադրված է Իրանում» տրագիկոմեդիայով: Սա բեմադրություն է, որտեղ ներգրավված են թելեր և գործվածքներ, իրանական հնագույն զարդանախշեր, չորս եղանակների վերարտադրումն` ըստ գորգագործների` Ռումիի պոեզիայի համադրությամբ»,- ասաց Ա. Ղուկասյանը` հավելելով, որ լինելու է նաև պարսկական ներկայացումների շարք:
Ղուկասյանի խոսքերով, «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 250 հյուր, և 8 օրվա ընթացքում 15 բեմահարթակում կցուցադրվի շուրջ 60 ներկայացում, որոնք ընդգրկված են փառատոնի հիմնական և ֆրինջ ծրագրերում:
Ինչպես ասաց փառատոնի նախագահը, լինելու են ներկայացումներ Ռուսաստանից` մոնոներկայացում Մոսկվայից, Սլովենիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից, վերջապես փառատոնին կմասնակցի նաև թատերախումբ Ուկրաինայից:
Փառատոնի նախագահը նաև նկատեց, որ մարզային թատրոններն այդքան էլ ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերել, սակայն մասնակցելու են 15 քաղաքային հայկական թատրոններ` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գլխավորությամբ:
Ա. Ղուկասյանը հուսով է, որ «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը կզարգացնի երիտասարդության թատերական ճաշակը. «Մեր փառատոնն ամենանորարարականն է, չունի սահմանափակումներ, այն եվրոպական ուղղվածություն ունի, քանի որ լավագույն թատրոնը Եվրոպայում է»:
«ՀԱՅ ՖԵՍՏ» 8-րդ Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում լինելու են նաև բացօթյա ներկայացումներ Շառլ Ազնավուրի հրապարակում, իսկ առհասարակ ներկայացումները կլինեն ինչպես վճարովի մուտքով, այնպես էլ` անվճար:
«Յուրաքանչյուր փառատոն բացում է նոր դեմքեր, նոր անուններ, և մեր փառատոնը ևս բացառություն չէ, քանի որ այն բազմաժանր է»,- ընդգծեց Ա. Ղուկասյանը:
Նշենք նաև, որ փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, որն այս տարի տրամադրել է 32.5 մլն դրամ:
Հիշեցնենք, որ 2006-ից սկսած «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը նախկին ԽՍՀՄ երկրների տարածաշրջանում, բացի Մոսկվայից, հանդիսանում է գլխավոր թատերական փառատոնը:
/Aysor.am/
|