Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր ամբողջությամբ թելադրվում է արտաքին ուժերի կողմից: Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
«Պատմական այն ժամանակահատվածում, երբ ակտիվորեն սկսում են մեզանով զբաղվել, պատմությունը ցույց է տալիս, որ մեզ համար վատ է լինում»,- նշեց նա:
Ըստ բանախոսի, Հայաստանը կորցրել է անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը 1990-ական թվականների կեսերից, երբ այն ժամանակվա իշխանությունները սկսեցին հզոր դաշնակիցներ որոնել:
Հակադարձելով քաղաքագետին, ասուլիսի մյուս մասնակից ՀՀ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ի տարբերություն 90-ական թվականների, այսօրվա իշխանությունների նախաձեռնող ակտիվ քաղաքականության շնորհիվ Հայաստանին հաջողվել է տարածաշրջանում կարևոր գործոն դառնալ:
«Ինչ վերաբերում է հզորներին, ապա նրանք իրենց քաղաքականությունն են վարելու, և փոքր ազգերը պետք է կարողանան իրենց շահերը պաշտպանել այդ քաղաքականությունում»,-նշեց բանախոսը:
Նա շեշտեց նաև, որ Հայաստանի հաջողակ արտաքին քաղաքականության շնորհիվ մի շարք կարևոր քայլեր են կատարվել: Մասնավորապես, ըստ բանախոսի` Ղարաբաղյան հիմնահարցում ամրապնդվել են հայկական կողմի դիրքերը, հաջողվել է բանակցային գործընթացը պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
/Aysor.am/
|