Այսօր Երևանում մեկնարկեց «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորագրով 5-րդ հոբելյանական գիտաժողովը: Այն կազմակերպել են «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալությունը և ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնը: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական գործիչներ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս համալիր ծրագրերի իրականացմանը, որոնց հիմքում դրվում է տարածաշրջանային և փոխշահավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր ազգերը ձգտում են կայուն զարգացման` անվտանգության և համագործակցության պայմաններում»:
Երկօրյա գիտաժողովը նպատակ ունի քննարկումների և հանդիպումների միջոցով աջակցել քաղաքական տարաձայնություններով ու հակասություններով լի հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջև տեղեկատվական համագործակցությանը: Գիտաժողովի արդյունքներով ընդունվելու է «Երևանյան հռչակագիր»:
Նշենք, որ գիտաժողովի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ. հարավկովկասյան երկրների պատվիրակություններին ընդունելու է ՀՀ Նախագահը, պատվիրակների մասնակցությամբ կազմակերպվելու են կլոր սեղաններ և քննարկումներ, գիտաժողովի մասնակիցների հանդիպումներ` հայ լրագրողների հետ, մամուլի ասուլիսներ: Կազմակերպվելու են նաև ավանդական վարպետության դասեր (մաստեր-կլասեր)` հայաստանյան բուհերի լրագրության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների հետ:
/Aysor.am/
|