PanARMENIAN.Net - Տարերային աղետների վերացման ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժությունները կարևոր նշանակություն ունեն, հատկապես եթե նկատի ունենք, որ Հայաստան են ժամանել փրկարարներ 29 երկրներից և 4 միջազգային կազմակերպություններից: Այդ մասին Լուսակերտում լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, Հայաստանում զորավարժությունների անցկացումը «միջազգային համագործակցության փայլուն օրինակ է» և Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ գերազանց փոխգործակցության վառ ապացույցը: Ընդ որում նա նկատել է, որ այսօր աղետների կանխման միասնական համակարգի ձևավորումը շատ կարևոր հարց է` հաշվի առնելով միջազգային համագործակցության օգտագործման ներուժը: «Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է մի քանի հիմնական ուղղություններով, որոնցից մեկը արտակարգ իրավիճակների արդյունավետ կանխման համակարգի ձևավորումն է, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին»,- ասել է նա` ավելացնելով, որ զորավարժությունները գործնական նշանակություն ունեն:
ԱԱԽ քարտուղարը հաղորդել է նաև, որ կա պայմանավորվածություն այն մասին, որ նման զորավարժությունները մի քանի տարին մեկ անգամ տեղի ունենան, որպեսզի ՀՀ ԱԻՆ-ը, համապատասխանելով միջազգային չափանիշներին, կարողանա պատրաստ լինել աղետների կանխմանը:
Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես Կազմակերպության շրջանակներում արտակարգ իրավիճակների կանխման միասնական համակարգի ձևավորման հարցի առնչությամբ: Նրա խոսքով, այդ ուղղությամբ ակտիվ համագործակցություն կա զանազան կառույցների միջև, և մինչև 2010թ. վերջ կներկայացվի մի մոդել, որի նպատակն է ՀԱՊԿ բոլոր երկրների միջև արտակարգ իրավիճակների ոլորտում աջակցության ցուցաբերումը:
/Panarmenian.net/
|