Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքներն ընդամենը բլեֆ են: Այսպիսի հայտարություն է արել թուրք փորձագետ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը` Կենտրոն հեռուստաընկերության եթերից: Նա համոզված է, որ Իլհամ Ալիևը իրականում չի ցանկանում լուծել Ղարաբաղի հարցը, առավել ևս` պատերազմի միջոցով:
«Ես կարծում եմ, որ Ալիևը չի ցանկանում, որ Ղարաբաղի հարցը լուծվի, որովհետև այսօրվա իրավիճակը` ստատու-քվոն Ալիևին շատ ձեռնտու է: Նա նստած է միլիարդավոր դոլարների նավթի վրա, և այդ նավթամուղերը կառուցվել են, որովհետև նա երաշխիքներ է տվել շատ մեծ նավթային ընկերություններին, որ պատերազմ չի լինելու: Այսօր բոլորը գիտեն, որ այդ նավթամուղն այսօր անցնում է Հայաստանից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա, և եթե հանկարծ պատերազմ սկսվի, Հայաստանը կարող է ռմբակոծել այն»,- ասել է թուրք փորձագետը և հավելել. «Ալիևի կողմից պատերազմ սկսելու ռիսկ չկա, նա պարզապես իր հասարակության հետ է խաղում»:
Թուրք փորձագետը վստահ է, որ դա ընդամենը բլեֆ է, ավելին` նա Ադրբեջանին մեղադրել է ոչ ժողովրդավար պետություն լինելու մեջ. «Ոչ ժողովրդավարական երկրներում ժողովրդին ղեկավարելու ամենալավ մեթոդը կորուսյալ հողերի վերադարձի մասին ամեն տարի խոստումներ տալն է»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին և հայ-թուրքական հարաբերություններին, Բեհլուլ Օզքանը անուղղակի կերպով մեղքը բարդել է ադրբեջանցիների վրա:
«Թուրքիայում շատ ուժեղ ադրբեջանական լոբբի կա, որովհետև շատ մեծ նավթային և քիմիական ընկերություններ կան. կառավարության վրա շատ մեծ ճնշում են գործադրում: Ադրբեջանի նման հիսթերիայի համատեքստում Թուրքիան չի կարող բացել իր սահմանները»:
/Aysor.am/
|