Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին» (DEMYC) կազմակերպության 11 երկրներից ժամանած 18 ներկայացուցիչներին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ` հանդիպմանը ներկա է եղել ԱԺ ՀՀԿ խմբկցության անդամ, ՀՀԿ երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը: DEMYC-ը միավորում է 60 երկրների կուսակցությունների երիտասարդական թևերը:
Հ. Աբրահամյանը ողջունելով երիտասարդներին` կարևորել է նման այցերը, որոնք հնարավորություն կտան ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին: Նշելով, որ ՀՀԿ երիտասարդական թևը, որը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, վայելում է հանրապետության իշխանությունների աջակցությունը: Նրանք և ընդհանրապես երկրի երիտասարդությունը բավական ակտիվ ներգրավված են քաղաքական գործընթացներում: ԱԺ նախագահը ցանկալի է համարել, որ ընդլայնվեն փոխայցելություններն ու շփումները, երիտասարդներն ավելի ակտիվ մասնակցություն ունենան քաղաքական գործընթացներում:
Նա նշել է, որ Հայաստանի ձգտումները և ծրագրերը ուղղված են եվրոպական երկրների շարքին ինտեգրվելուն: Այդ գործընթացում Հ. Աբրահամյանը կարևորել է Ազգային ժողովի դերը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ խորհրդարանում ևս կան երիտասարդ պատգամավորներ, և նշել, որ 2012 թ. հերթական խորհրդարանական ընտրություններում մտադիր են ավելի մեծացնել երիտասարդների թիվը և նրանց ներգրավվածությունը եվրոպական կառույցներում:
Նշենք, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել:
«Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե Ադրբեջանի իշխանությունները մեզ պատերազմ պարտադրեն, պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին և ԼՂ պետությունը»,- հայտարարել է ԱԺ նախագահը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին և ստորագրված արձանագրություններին: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաև հյուրընկալված երիտասարդների հարցերին:
/Aysor.am/
|