«Չնայած վերջին տասնամյակների բոլոր զարգացումներին, իրավիճակն այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է, ինձ մղում է կրկին անդրադառնալ այն հեռավոր, բայց նաև՝ մոտ 1946-ի հունվարի 10-ին արտահայտված նպատակներին, որոնք առավել քան օրակարգային են մնում մեր գործողություններում», - ասել է Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
ՀՀ ԱԳ նախարարը հարցադրել է, թե ինչպե՞ս կարելի է պահպանել խաղաղությունն, անվտանգությունն ու կայունությունը, երբ տասնյակ անգամ բազմապատկվում են ռազմական ծախսերը, երբ պարբերաբար հնչում են ուժի կիրառման և պատերազմի սանձազերծման սպառնալիքներ:
«Ինչպե՞ս կարելի է ապահովել ժողովուրդների միջև խաղաղ ու բարեկամական հարաբերություններ, երբ քարոզվում է անհանդուրժողականություն և ատելություն, երբ պարտադրվում են փակ սահմաններ և շրջափակում:
Ինչպե՞ս կարելի է ապահովել ժողովուրդների իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու նրանց իրավունքը, երբ մերժվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը», - հարցադրել է Է.Նալբանդյանը:
Դիմելով նստաշրջանը նախագահողին` Էդվարդ Նալբանդյանը ցանկություն է արտահայտել անդրադառնալ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա հակամարտությանը:
«Երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Նրանք պայքարել են ազատության իրենց իրավունքի համար` դիմակայելով Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմին: 70 տարի շարունակ նրանց հալածում էին, ձգտում բնաջնջել իրենց իսկ պատմական հայրենիքից: Այդ նպատակով Ադրբեջանն անգամ դիմել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությանը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր պայքարելու հանուն իր ինքնորոշման իրավունքի իրացման, քանի որ մերժում էին անգամ իր գոյություն ունենալու իրավունքը», - հայտարարել է Է.Նալբանդյանը:
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված հիմնարար և անքակտելի իրավունք է:
«Հուլիսին Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված խորհրդատվական որոշումը վերահաստատեց այս կազմակերպության հիմնադիրների իմաստնությունը, առ այն, որ աշխարհում խաղաղության և կայունության ապահովման հիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որևէ կերպ չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ սկզբունքներին», - արձանագրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նա կոչ է արել ներկաներին իրատես լինենք` շեշտելով, որ որևէ մեկը չի կարող մեկընդմիշտ ասել, որ սա ինքնորոշման իրականացման վերջին դեպքն է:
«Որևէ մեկը չի կարող կանգնեցնել պատմության առաջընթացը. հակառակ դեպքում այս կազմակերպությունում չէին լինի 192 անդամ երկրներ հիմնադրման ժամանակ եղած 51-ի փոխարեն», - ասել է Էդվարդ Նլաբանդյանը:
«Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` միջազգային մանդատ ունեցող միջնորդությամբ, որոնք շարունակում են հետևողական ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:
Հուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նրանք վերահաստատել են, որ առաջարկված սկզբունքները և դրույթները մշակվել են որպես մեկ ամբողջություն, և որևէ մեկին մյուսների հանդեպ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը», - ասել է Է.Նալբանդյանը և շեշտել, որ Հայաստանը լիովին համամիտ է այս տեսակետին` շարունակելու բանակցությունները դրա հիման վրա` փնտրելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում:
ՀՀ ԱԳ նախարարը ցավով արձանագրել է, որ Ադրբեջանը մերժում է նշված երեք սկզբունքներից երկուսը և ձգտում գլխիվայր շուռ տալ ոչ միայն բանակցային գործընթացի էությունը, այլ նաև խեղաթյուրել հակամարտության բնույթը տարբեր միջազգային հարթակներում, ներառյալ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ինչպես այստեղ նորից տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ, նաև երկու օր առաջ:
«Այդ երկիրը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը` հակամարտության հետևանքները ներկայացնելով որպես դրա պատճառներ:
Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները և Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճը միայն սրում են իրավիճակը` մեծացնելով տարածաշրջանում արդեն իսկ փխրուն կայունության շուրջ մտահոգությունները: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները: Նման դիրքորոշմամբ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը:
Նավթային եկամուտներից ստացվող գումարները ուղղվում են ռազմական նոր ավանատյուրաների ֆինանսավորմանը: Մենք բոլորս էլ գիտենք նման արկածախնդրության հետևանքները», - ներկաներին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից ու շրջանակներից այլ ձևաչափեր տեղափոխելու շարունակական փորձերից և սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից ու գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը կարողանա առաջ ընթանալ առավել կառուցողական և արդյունավետ ուղիով:
«Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը համարվում է քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հայեցակարգը, այլ քաղաքակրթական արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության միտումնավոր, շարունակական վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվի նույն հաստատակամությամբ, ինչպես ժողովրդի դեմ բռնությունը», - ասել է Է.Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջևանում հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը, նշելով, որ այդ ոճրագործության ակներև արտահայտությունն է:
«Միջնադարյան հազարավոր նմանատիպ հսկա քանդակներ են հողին հավասարեցվել Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, և այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:
/Aysor.am/
|