«Հարգելի գործընկերներ, այսօր ադրբեջանցի հաքերների թիրախում դարձյալ Henaran.am կայքն է հայտնվել: Հավաքելով www.henaran.am, դուք կհանդիպեք սեւ էկրանի վրայի հետեւյալ գրությանը` "We never forget Mubariz Ibrahimov”. "Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին”», - հայտնում են Հենարան” մամուլի ակումբից:
«Նրանց իսկ թողած հաղորդագրությունից հստակ տեսնում ենք, որ ադրբեջանցիները մարտի դաշտում ունեցած իրենց վերջին պարտությունները փորձում են փոխհատուցել հաղթանակով, սակայն միայն հաքերական պատերազմում: Բայց հավատացնում ենք Ադրբեջանին, որ Henaran.am-ի` մի քանի ժամով խափանումն անդառնալի չէ եւ չի կարելի համեմատել սահմանում թողած նրանց դիվերսանտների կորուստների հետ», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` սա երկրորդ անգամն է, ինչ Henaran.am-ը ինտերնետային հարձակման է ենթարկվում ադրբեջանցիների կողմից:
«Ակնհայտ է` ադրբեջանցիները հետեւում են մեր գործելակերպին, եւ հավանաբար, նրանց դուր չի գալիս, որ որեւէ ադրբեջանական ապատեղեկատվություն չի մնում անպատասխան:
Henaran.am-ը շարունակելու է աշխատել` ավելի մեծ ուշադրություն դարձնելով արտաքին քաղաքականությանը եւ, հատկապես, ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվությանը», - նշում են ակումբից:
Նշենք, որ կայքն արդեն բնականոն գործում է:
/Aysor.am/
|