Հարկավոր էր դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ–ին՝ ներկայացնելով Ղարաբաղյան հիմնահարցի իրականությունն ու շեշտելով, որ Ադրբեջանն աղավաղում է այն, այսօր տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ–ում Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայ բանաձևի քննարկմանը: Ըստ բանախոսի, հայկական կողմը նման բարդ իրավիճակում նորից հայտնվել է ՀՀ ԱԳՆ քաղաքականության պատճառով.
«Մենք հերթական անգամ մեր արտաքին գործերի նախարարության ոչ հարձակվողական և ոչ հեռանկարային քաղաքականության պատճառով ևս մեկ անգամ «դեժավյու» ենք ապրում, այսինքն՝ մենք նորից փորձում ենք քննարկել, թե ինչ կլինի, եթե ադրբեջանցիներն ընդունեն այդ բանաձևը ՄԱԿ–ում», - ասաց նա:
ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով` Հայաստանն ինքը պետք է լինի նախաձեռնող ու միջազգային ատյաններում ներկայացնի նման բանաձևեր։ «Հարցը մնում է անպատասխան, որովհետև մեր դիվանագիտական նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքում այս հարցադրումներին։ Գոնե մեկ անգամ հստակ պատասխան տար` ինչու՞ հայկական կողմն ինքը չի նախաձեռնում», – ասաց նա։
Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ՄԱԿ-ի ԳԱ կողմից ընդունման դեպքում փաստաթուղթը Ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա որևէ ազդեցություն չի ունենա, «քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ԼՂ խնդրի լուծման հետ կապված ունեն իրենց հստակ դիրքորոշումը»:
Դեմկուսի առաջնորդի համոզմամբ` նման բանաձևի քննարկման առաջ Հայաստանը քարոզչական պատերազմում կարող էր լավագույնս օգտագործել նաև սեպտեմբերի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված միջադեպը:
«Պետք է ոչ թե Հ1–ի օպերատորները և ռեժիսորը նման ռեպորտաժ պատրաստեին, այլ դա պետք է դառնար ամբողջ աշխարհին ներկայացվելիք մի ֆիլմ, թե ինչ են անում ադրբեջանցիները՝ համոզիչ փաստերով, որովհետև մենք ինֆորմացիոն պատերազմի մեջ ենք», – ասաց Ա.Սարգսյանը։
/Aysor.am/
|