«Նոր աշխարհը ստեղծվում է նոր մտածելակերպով, և սահմանը նոր աշխարհի մարդկային ուղեղների նոր գալարներն են»,- այսօր հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության (DEMYC) անդամների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Եվրոպայի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները մասնակցելու են Երևանում կայանալիք միության հերթական համաժողովին:
Ըստ Ա. Աշոտյանի, նոր աշխարհի սահմանները քաղաքական, սոցիալական կամ տնտեսական չեն: Նա կարևորեց Հայաստանի` եվրոպական քաղաքակրթական տարածքի անբաժանելի և բնական մաս դառնալը: Միաժամանակ նախարարը նշեց, որ ողջ տարին աշխատել են «Հայաստան-Եվրոպա. ինտեգրում կրթության միջոցով» գաղափարով, որովհետև կրթական համակարգն ունի ոչ միայն գիտելիք փոխանցելու, բայց նաև արժեհամակարգ սփռելու առաքելություն:
«Եվրոպան սկսվում է Հարավային Կովկասից, և Հայաստանից հատկապես, ոչ միայն քրիստոնեության տարածման պատմության պատճառով, այլ նաև հաշվի առնելով առկա աշխարհքաղաքական, աշխարհտնտեսական կարևորությունը, որ ունի մեր տարածաշրջանը միացյալ Եվրոպայի համար»,- նկատեց նախարարը:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու ուղղությամբ իրականացվող կրթական քաղաքականությունը և պատասխանեց երիտասարդների հարցերին: /Aysor.am/
|