Կազանում կողմերը հերթական անգամ իրենց պատրաստակամությունը կհայտնեն բանակցային գործընթացը շարունակելու առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը: Ըստ նրա, երկրորդ հավանական սցենարն այն է, որ ընդունվի մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ներկայացված են լինելու որոշակի դրույթներ, որոնք հիմք են ծառայելու բանակցային գործընթացը շարունակելու համար: «Այսինքն բացի դովիլյան հայտարարությունից եւ այլ փաստաթղթերից, լինելու է նաեւ կողմերի մի շարք այլ սկզբունքների հետեւելու պատրաստակամությունը»,- նշել է քաղաքագետը: Փորձագետ Անդրեաս Ղուկասյանի խոսքով, Կազանում կայանալիք հանդիպմանը կորոշվի շարունակվելո՞ւ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, թե՞ ոչ: «Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չստորագրի այն, ինչ այսօրվա դրությամբ դրված է բանակցային սեղանին, ապա ձեւաչափը, որպես այդպիսին, փոփոխվելու է: ԵԱՀԿ-ն չի կարող սպասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորեն իրենց խնդիրները: Մենք համաձայն ենք սեղանին դրված սկզբունքներին, մինչդեռ Ադրբեջանը դեռեւս չի կողմնորոշվել: Այնպես որ, այդ երկիրը, գնահատելով բոլոր կողմերը, այս մի քանի օրվա ընթացքում պետք է կողմնորոշվի եւ գա ընդհանուր եզրակացության»,- ասել է Ղուկասյանը:
/Times.am/
|