2011թ.-ի մայիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական ԶԼՄ-ներում ամենամեջբերվող քաղաքական գործիչն է՝ ըստ Mediagid.am-ի։
«All Media» ՓԲԸ-ն անցայալ տարի նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
Հեղինակության վարկանիշը ձևավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների անունները:
«Մեջբերվածության վարկանիշը ցույց տվեց, որ հայկական ԶԼՄ-ների հիշատակումներով մայիսին քաղաքական գործիչների թվում առավել հանրաճանաչ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում (535 հիշատակում)»,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Բացի նախագահից, մայիսի արդյունքներով ամենամեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում են ընդգրկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Mediagid.am-ի վարկածի համաձայն, մայիսին ամենամեջբերվող քաղաքական գործիչների տասնյակում են հայտնվել համաներում ստացած ընդդիմադիր գործիչներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը։
Մեջբերվող ընկերությունների շրջանում առաջատարի դիրքն է զբաղեցրել ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը (69 հիշատակում), NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան, «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) հաղորդակցական ընկերությունը, Ամերիաբանկը և «Կոտայք» ընկերությունը։
Մայիսի արդյունքներով շոու բիզնեսի առավել ճանաչված ներկայացուցիչների հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ երգիչ Անդրե (112 հիշատակում), երգչուհի Էմմի, հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուր, ռեժիսոր Հարություն Խաչատրյան և կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյան։
Ամենամեջբերվող մարզիկների հնգյակում են կին-շախամատիստ Էլինա Դանիյելյանը (57 հիշատակում), շախմատիստ Լևոն Արոնյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։
Mediagid.am լրատվական ագրեգատորում մայիսին ամենաշատ դիտումների է արժանացել «Քաղաքականություն» բաժինը, որտեղ դիտումների թիվը շուրջ 197,2 հազար է կազմել մեկ ամսվա ընթացքում։
Նույն հնգյակում են հայտնվել հետևյալ բաժինները՝ «Հասարակություն», որտեղ մայիսին գրանցվել է 179,2 հազար դիտում, «Տնտեսություն և բիզնես»՝ ավելի քան 130,2 հազար, «Համաշխարհային նորություններ»՝ 122 հազար և «Սպորտ»՝ 86,4 հազար դիտում։
/Panorama.am/
|