Ադրբեջանի կողմից առաջին գծում լարվածության ստեղծումը պայմանավորված է Ադրբեջանում տիրող ներքաղաքական լարվածությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով, այդպիսով ալիևյան կլանը փորձում է հիմնավորել իր բռանպետությունը ու կայունացնել իրադրությունն այն առումով, որ հնարավորինս շատ մարդկանց կոնսոլիդացնի իր իշխանության շուրջ:
«Սա իմ ենթադրությունն է, բայց ես չեմ բացառել երբեք, որ դա մեր երկրի վրա բարոյահոգաբանական ճնշում գործադրելու ձևերից մեկն է»,-հավելեց նա: Դ. Ջամալյանի դիտարկմամբ, իրավիճակն առանձնապես չի բարելավվի, եթե Ադրբեջանում ընդդիմությունը գա իշխանության ղեկին:
Ասուլիսի մյուս մասնակից «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ համաձայնեց այն կարծիքին, որ շփման գծում զոհերի գնով Ադրբեջանը ցանկանում է ազդել հայկական կողմի դիրքորշման վրա և ավելի շատ զիջումներ կորզել: Երկու բանախոսներն էլ բացառեցին դրա արդյունավետությունը, ընդգծելով, որ որևէ կերպ դա չի կարող ազդել իրականացվող քաղաքականության վրա:
Ադրբեջանական կողմի նման պահվածքի այլ բացատրությունն էլ բանախոսները տվեցին: Ըստ Ջամալյանի, չի բացառվում, որ նման կերպ Ադրբեջանը փորձում է իր անհամաձայնությունը հայտնել բանակցային գործընթացի իրողությունների հետ: «Սա մի ձև է` ցույց տալու աշխարհի հզորներին, որ իրենք գոհ չեն այն ընթացքից, որում գտնվում է բանակցային գործընթացը»,-ասաց Ջամալյանը:
Երկու բանախոսներն էլ ընդգծեցին, որ չնայած ռազմական հռետորիկային Ադրբեջանը չի գնա լայնածավալ պատերազմի, քանի որ .բոլոր առումներով պատրաստ չէ դրան, դա շատ մեծ ռիսկ է պարունակում և ալիևյան կլանի, և Ադրբեջան պետության համար: Բայց չափավոր լարվածություն ստեղծելու քաղաքականությունը կշարունակվի»:
/Panorama.am/
|