«Ադրբեջանցիները պատվի խոսք պահել չգիտեն, սիրում են ուժը, ամպլիտուդայի մեջ են գործում՝ դրականից մինչև բացասական, այսինքն՝ եթե ծայրահեղ վիճակում լինեն՝ կգնան ծայրահեղ զիջումների: Ես շատ չեմ հավատում, բայց այս գործն իրոք ողջունում եմ որովհետև մարդասիրական գործ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպմանը` հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:
Շիրինյանն ասաց, որ աստրախանյան հանդիպումը հերթական հանդիպում էր, բայց կարևորն այն է, որ «կոնֆլիկտը կառավարվում է, որում, ըստ էության, Ռուսաստանը ջութակի առաջին լարն է նվագում»: Այնուամենայնիվ, Շիրինյանը բաակցային գործընթացին մասնակցող երկրներից որևէ մեկի մոտ խնդրի լուծման ցանկություն չի տեսնում: «Ռուսաստանը չի ուզում խնդիրը լուծել, եթե ցանկանար, նախաձեռնությունը կվերցներ իր ձեռքը և կլուծեր խնդիրը»,- հայտարարեց Լևոն Շիրինյանը:
Ասուլիսին մասնակցող քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը բանակցային գործընթացը համարեց իմիտացիա՝ այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: «Սա իմիտացիոն բնույթ է կրում: Սա կոմպլիմենտի մի ակտ է Ռուսաստանին, որ եթե ուզում եք զրուցել, զրուցենք»,- հայտարարեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրան մտահոգում է այն, որ խոսվում է, թե երկու կողմերի միջև ռազմագերիների փոխանակման համաձայնություն է ձեռք բերվել, սակայն այդ գործընթացը կարգավորելու մեխանիզմների մասին որևէ խոսք չկա: «Ռազմագերիների փոխանակման մեխանիզմների մասին խոսք չկա, և ես վստահ չեմ, որ երբ վաղն Իլհամ Ալիևը կրկին ռազմատենչ հայտարարություններ անի, ՌԴ-ն կդատապարտի Ադրբեջանին»,- հայտարարեց քաղաքագետը:
/Tert.am/
|