Ջավախքահայ քաղաքական գործիչ, այժմ անազատության մեջ գտնվող Վահագն Չախալյանը Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտից հանդես է եկել ջավախահայությանն ուղղված խոսքով:
«2011թ. հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախքահայության պահանջատիրությունը` դիմելով «Միանսական Ջավախք»-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու և ահաբեկելու ծայրահեղ միջոցներին: 2011 թվականը, իր հետ նոր հույսեր բերելով, նաև առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար մեզանից ջանքեր, համախմբվածություն և ուժերը կենտրոնացնելու կարողություն է պահանջվելու: Այդ մարտահրավերներից ամենևին էլ երկյուղել կամ տագնապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախքահայությունն էլ այսօր մենակ չէ: Ամենակարևորն այն է, որ մեր կողմն է Արդարությունը: Այսօր մենք ո՛չ մեկին չենք ուզում իր տնից բռնի հանել ու բնակվել նրա տեղը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր տները ուրիշի ոտնձգություններից: Մենք ո՛չ մեկին չենք պարտադրում մոռանալ իրնեց Մայրենին ու Պատմությունը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր Մայրենին ու Պատմությունը: Այսօր մենք ո՛չ մեկին չենք հորդորում ուրանալ իրենց հավատքը: Ընդհակառա՛կը, մենք այսօր չենք ուզում ուրանալ մե՛ր կրոնը»,-ասված է Չախալյանի խոսքում:
Նա նշել է, որ անհրաժեշտ է համախմբվել այն անհատների շուրջ, որոնք այսօր Ջավախքում են գտնվում ու չեն վախենում հետևողականորեն խոսել ջավախքահայերի խնդիրներից: Անհրաժեշտ է համախմբվել նրանց շուրջը, նրանց ոգևորել, օժանդակել ով ինչով կարող է. շատ անգամ մեկ ջերմ, սրտաբուխ խոսքն էլ անհատին կարող է հերոսական քայլերի մղել:
«Մենք չպիտի ընկճվենք, չպիտի հիասթափվենք ու պետք է լավ գիտակցենք, որ մեր ընկճվածությունից ու հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու: Ուրեմն կորչեն մեր միջից վախը, թուլությունը` իր ընկերներ ընկճվածության ու հիասթափության հետ: Հանուն Ջավախքի` մեր պապերի երկրի` մեր թոռների երկրի, հանենք մեր միջից պառակտվածությունը և անհանդուրժողականությունը: Այո, 2011 թվականը նոր մարտահրավերների տարի է լինելու, սակայն պետք է գիտակցել, պետք է հավատալ, որ այն նաև նոր հաղթանակների, նոր նվաճումների տարի է լինելու: Բոլորս մեկտեղ ուս ուսի տված հետ նվաճենք մեր պապերի երկիր Ջավախքի վեհությունը, մեր հպարտ Աբուլի վեհությունը: Պայքա՛ր մինչև հաղթանակ»,-ասված է նրա խոսքում:
/Panorama.am/
|