ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների շուրջ միջազգային հանրության, այդ թվում` բարեկամ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի «կոշտ» արձագանքներին, ի պատասխան մեր հարցերի, անդրադառնում է քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
- Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր քաղաքագետների եւ քաղաքական գործիչների մեծամասնությունը իրենց եզրահանգումները, վերլուծություններն անում են` ելնելով Ադրբեջանում հրապարակված նյութերից: Ընդ որում, որպես կանոն, հիմնվում են ո’չ թե ամբողջական «տեղեկատվության», այլ վերնագրերի վրա` «Ռուսաստանը չի ճանաչում» Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը, «Եվրամիությունը չի ճանաչում», «Մինսկի խմբի համանախագահները չեն ճանաչում» եւ այլն:
Իրականում այդ հայտարարությունների մեջ չեք գտնի որեւէ դատապարտող արտահայտություն, բացառությամբ, իհարկե, Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող հայտարարությունների: Վերնագիրը նայում ես` շատ չոր եւ կտրուկ է, մտնում ես նյութի մեջ, պարզվում է, ձեւակերպումները շատ ավելի մեղմ են:
Օրինակ, ասվում է, որ ընտրությունների արդյունքները չեն կարող կանխորոշել Ղարաբաղի ապագա կարգավիճակը, ԼՂ ժողովրդի իրավունքն է` ձեւավորել ընտրովի մարմիններ, բայց ընտրական գործընթացն անցկացվում է ոչ մեր հովանու ներքո (ինչի մասին ասել է, մասնավորապես, ՄԱԿ-ի ներկայացուցիչը), եւ այլն:
Չեմ ուզում կոպիտ բաներ ասել, բայց եթե նույնիսկ բոլոր քաղաքագետները եւ քաղաքական գործիչները` «դիմադիր» թե ընդդիմադիր, հավաքվեն, գլուխ գլխի տան եւ ուշադիր կարդան այդ տեքստերը, հավատացնում եմ, որեւէ կոշտ արտահայտություն, չճանաչման իմաստով, չեն գտնի: Դրանք ուղղակի չկան: Իսկ կոնյունկտուրային ինչ-ինչ նկատառումներով մեկնաբանել այդ հայտարարությունները, այն էլ ի վնաս մեզ, կրկնելով Ադրբեջանի նորությունների վերնագրերը (Թուրքիան, ի դեպ, ավելի զուսպ է այս հարցում), տիրաժավորել ադրբեջանական կողմի ցանկությունները եւ ժողովրդի մեջ խուճապ տարածել` համարում եմ անբարո:
Վերցնենք թեկուզ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի` Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, համոզված է, որ նրա ապագա կարգավիճակը պետք է սահմանվի առանց ուժի կիրառման, Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում:
Իսկ ի՞նչ էիք ուզում` ասեր, որ ճանաչո՞ւմ է Ղարաբաղի անկախությունը: Նախ` չի ճանաչել, երկրորդ` Ռուսաստանը բանակցային գործընթացում առանցքային դերակատարություն ունեցող երկիր է, Մինսկի խմբի համանախագահ, որի ցանկացած այլ արտահայտություն կարող էր վտանգի տակ դնել անկողմնակալ միջնորդի իր վարկանիշը եւ խոչընդոտել բանակցությունների ընթացքը:
Մի բան պարզ է` ինչքան էլ փորձեն անպես ներկայացնել, թե ընտրությունները չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը, ժողովրդավարական աշխարհին շատ ավելի ձեռնտու է գործ ունենալ, բանակցություններ վարել այն կառույցի հետ, որը ղեկավարվել է, եւ ղեկավարվում է ժողովրդի քվեով ձեւավորված ընտրովի մարմինների կողմից:
- Ինչպե՞ս եք գնահատում Եվրախորհրդարանի «նշանավոր» բանաձեւի Ղարաբաղին վերաբերվող հատվածը, ըստ որի` հայկական ուժերը պետք է օր առաջ ազատեն «օկուպացված տարածքները»:
- Սա նախ եւ առաջ նշանակում է, որ մեր դիվանագիտական կորպուսը թերանում է իր պարտականությունների մեջ: Մինչեւ հիմա ցավով եմ հիշում 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված ադրբեջանանպաստ բանաձեւը: Հայաստանը կարող էր կանխել կամ առնվազն «վնասազերծել» այդ բանաձեւը, նկատի ունենալով, որ Մինսկի խմբի համանախագահները` Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, երեքն էլ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, քվեարկեցին այդ որոշման դեմ:
Եվրոպական առաջատար երկրները, տարածաշրջանում ազդեցություն եւ հեղինակություն ունեցող հարեւան Իրանը նույնպես չաջակցեցին այդ բանաձեւին, բայց որոշումն ընդունվեց 39 ձայնով, եւ ես դա համարում եմ մեր արտաքին գերատեսչության ձախողումը:
Նույնը կատարվեց Եվրախորհրդարանում: Սա նշանակում է, որ նախագահի, նախարարի, փոխնախարարների մակարդակով իրականացվող աշխատանքը չի ամրապնդվում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների ամենօրյա մանրակրկիտ աշխատանքով. մի բան, որ նման դեպքերում պակաս կարեւոր չէ, եթե չասենք ավելին: Ցավոք, մեր դիվանագետների մեջ կան մարդիկ, որ բավարար ջանքեր չեն գործադրում մեր ազգային խնդիրների հետապնդման ուղղությամբ: Այդ պատճառով էլ ծնվում են այդպիսի տհաճ բանաձեւեր եւ մտահոգիչ հայտարարություններ:
Չեմ ուզում ցեխ շպրտել այդ մարդկանց վրա, բայց չէ՞ որ նրանք ի պաշտոնե կոչված են պաշտպանելու մեր ժողովրդի, մեր պետության շահերը: Իսկ պետության շահերը չի կարելի պաշտպանել օրը 4 ժամ` ժամը 13-ից մինչեւ 17-ը. նման տհաճ անակնկալներից խուսափելու համար պետք է աշխատել գիշեր-ցերեկ, անընդհատ: Եթե այս ձեւական մոտեցումը շարունակվի, վստահ եմ, այսուհետ եւս կլինեն տարբեր ատյաններում ընդունված նմանատիպ որոշումներ, ցավալի հայտարարություններ եւ բանաձեւեր:
- Որպես «մեղմացուցիչ հանգամանք», նշվում է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը պարտադրանքի ուժ չունի, չի արտահայտում Եվրամիության կարծիքը եւ չի կարող ազդել բանակցային ստատուս քվոյի վրա:
- Սո’ւտ է: Նույնիսկ եթե այդ բանաձեւերը պարտադրող չեն, բարոյական մեծ նշանակություն ունեն եւ վաղը չեն մոռացվելու. Ադրբեջա’նը թույլ չի տալու մոռանալ: Այդ մենք` հայերս, կարող ենք թույլ տալ, որ Եվրախորհրդարանը մոռացության մատնի 1987թ. իր իսկ ընդունած բանաձեւը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որովհետեւ անընդհատ չենք հիշեցնում, չենք ստիպում, որ նույն Եվրախորհրդարանը հետեւողական լինի իր որոշումներում: Թուրքիան եւ Ադրբեջանը աշխատում են «թեւքերը քշտած», մենք աշխատում ենք «թեւերը ծալած», դրա համար էլ տանուլ ենք տալիս: Այս առումով շատ անելիքներ ունենք:
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ «Հայող Աշխարհ»
|