ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել էներգետիկ ծրագրերին, ընդգծելով, որ Հայաստան ըմբռնումով է մոտենում ԵՄ երկրների համար էներգետիկ անվտանգության և մատակարարման աղբյուրների բազմազանության ապահովման անհրաժեշտությանը, բայց «նմանապես իրավունք ունենք նման ըմբռնում ակնկալելու մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության և հավասարաչափ զարգացման խնդիրների հանդեպ»:
ՀՀ նախագահը կարծիք է հայտնել, որ որպես Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետևաբար հավասարակշռության պահպանմանը:
«Մենք անշուշտ կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասի և ԵՄ միջև առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որևէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալը օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը: Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր»,-ասել է երկրի ղեկավարը:
Ամփոփելով ելույթը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերությունը ապացուցել է իր կենսունակությունը` նախադրյալներ ստեղծելով մեր հասարակությունների միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու, բարեփոխումներին նոր թափ և որակ հաղորդելու միջոցով կառավարման համակարգը բարելավելու, ավելի բարեկեցիկ և ներդաշնակ, առանց բաժանարար գծերի եվրոպական տարածք ձևավորելու գործում:
«Համոզված եմ, որ ԵՄ-ի հետ համագործակցությամբ կկարողանանք Արևելյան գործընկերության շրջանակներում կյանքի կոչել բարեփոխումների բազում համարձակ ծրագրեր: Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ լեհական նախագահությանն այս գագաթնաժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով մտքերի փոխանակության հնարավորության համար»,-ելույթն այսպես է եզրափակել երկրի ղեկավարը:
/Panorama.am/
|